Նյու Յորքի փողոցներում հայտնվել են հայտնի բրիտանացի նկարիչ Բենքսի գրաֆիտիները
Հայտնի բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսը «նվաճում» է Նյու Յորքը։ Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս շաբաթ քաղաքի փողոցներում հայտնվել են նրա նոր նկարները, գրում է ИТАР-ТАСС-ը։
Առաջին գրաֆիտին արվել է հոկտեմբերի 1-ին, Չայնաթաուն թաղամասում։ Դրանում պատկերված է մի երեխա, որը կանգնած է մի տղայի մեջքին և փորձում է հասնել ցուցանակին, որի վրա գրված է՝ «Գրաֆիտին հանցագործություն է»։ Նկարը պատկերված է մնացել ընդամենը մի քանի ժամ, որից հետո այն ներկվել է սպիտակ գույնով։ Հաջորդ օրը Բենքսի գրաֆիտին հայտնվել է Մանհեթենի մեկ այլ թաղամասում։
Նկարչի նյույորքյան ակցիան, որի մասին նա հայտարարել է իր պաշտոնական կայքում, ստացել է Better Out Than In անվանումը։
Յուրաքանչյուր նկարի տակ կա հեռախոսահամար։ Հավաքելով այն կարելի է անվճար լսել կարճ ձայնագրություն, որը պատմում է տվյալ աշխատանքի մասին և բացատրում է դրա իմաստը։ Թե որքան երկար կտևի շոուն և որտեղ կհայտնվեն նկարները, հայտնի չէ։ Անձամբ նկարիչը երբեք չի հայտնվում հասարակության մեջ և աշխատում է հիմնականում գիշերները։












