Ռուսները պահանջել են չվիրավորել իրենց հայրենասիրությունը և արգելել «Իվան Ահեղը սպանում է որդուն» կտավը

12:49 • 03.10.13

Ռուսաստանում ուղղափառ ակտիվիստները և «այլ ոչ անտարբեր քաղաքացիներ» նամակ են հղել Տրետյակովյան պատկերասրահի ղեկավարությանը և ՌԴ-ի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն` խնդրելով ցուցադրությունից հանել Իլյա Ռեպինի «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» կտավը, հայտնում է mr7.ru-ն:

 

Ակտիվիստները հայտնի կտավը զրպարտություն են որակել ռուս ազգի, ռուսական պետության և դրա ազնիվ տիրակալների դեմ: Դրանում պատկերված է 27-ամյա արքայորդի Իվանի մահը և, ըստ ակտիվիստների, դա վիրավորում է ռուսների հայրենասիրական զգացմունքները:

 

Հոգևորական ակտիվիստներն ասել են, որ իրենց նոր ուսումնասիրությամբ` որդեսպանություն տեղի չի ունեցել:

Սակայն ընդունված պատմական փաստ է համարվում , որ 1581-ի նոյեմբերին վեճի ժամանակ Իվան Ահեղը մահացու վիրավորել է իր որդուն:

 

Հետաքրքրական է, որ 1885-ին արված կտավն առաջին անգամ արգելվել է Ալեքսանդր 3-րդի օրոք` դառնալով նման գրաքննության առաջին դեպքը Ռուսական կայսրությունում: Իսկ 1913-ին ուղղափառ ֆանատիկոսը հարձակվել է կտավի վրա, ինչից հետո դա ստիպված են եղել վերականգնել: