Պյեռ Ռիշարը ռուսական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել Նիկիտա Միխալկովի ստուդիայից
Ֆրանսիացի հանրահայտ դերասան Պյեռ Ռիշարը Նիկիտա Միխալկովի կինոստուդիայից ռուսական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել։ Այդ մասին պատմել է դերասանն ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում։
Դերասանը Մոսկվա է ժամանել գործնական այցով՝ իր գինիները ներկայացնելու նպատակով։ Մի քանի տասնամյակ է նրան է պատկանում Դոմեն դը լ՝Էվեկ կալվածքը, և այժմ նա իր արտադրանքը բերել է Ռուսաստան։
Այն հարցին, թե չի խանգարում արդյոք գինու բիզնեսը նկարահանումներին, Ռիշարը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, բոլորովին չի խանգարում, երբեմն դա թույլ է տալիս հավասարակշռություն պահպանել, բացի կինեմատոգրաֆից, զբաղվել որևէ այլ բանով։ Երբ դուրս ես գալիս կինոյի սահմաններից, մոտենում ես կյանքին»,- ասել է դերասանը։
Ռիշարը նշել է, որ երեք օր առաջ հիանալի սցենար է ստացել Նիկիտա Միխալկովի կինոստուդիայից։ «Ես դեռ մանրամասները չգիտեմ, սցենարն ուղարկել էին իմ այցից առաջ։ Սակայն կնայեմ։ Գիտեմ միայն, որ այդ դերում ես ստիպված կլինեմ անընդհատ խմել»,- նշել է ֆրանսիացի դերասանը։










