Կարեն Շահնազարովը ցանկանում է թվայնացնել խորհրդային ֆիլմերը

08:20 • 03.10.13

Ռեժիսոր Կարեն Շահնազարովը Ռուսաստանից պետական աջակցություն է խնդրել խորհրդային ֆիլմերի թվայնացման համար: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մշակույթի և արվեստի խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:


Շահնազարովը նշել է, որ այսօր հիմնական հեռուստաալիքները անցնում են թվային ֆորմատի, ինչի արդյունքում խորհրդային ֆիլմերը չեն կարողանա ցուցադրվել հեռուստատեսությամբ, որովհետև դրանք տեխնիկապես հարմարեցված չեն:


Նա նաև նշել է, որ առկա են անհրաժեշտ տեխնոլոգիաները, սակայն նրանք կարողանում են 1 ամսում 1 կինոնկար թվայնացնել: Շահնազարովը հայտնել է, որ պետական աջակցություն է պետք, որպեսզի նրանք կարողանան այդ նույն ժամանակահատվածում 10-15 կինոնկար թվայնացնել: Նա նշել է, որ խոսքը գնում է հիմնական 600-700 ֆիլմերի մասին: