Ամերիկյան shutdown-ի ամենազավեշտալի դեպքերը. Die Welt-ի անդրադարձը

16:40 • 03.10.13

ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է, ինչ պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է։

«Մինչ Վաշինգտոնում բյուջեի շուրջ վեճեր են ընթանում, հարկադիր արձակուրդում գտնվող 800.000 պետաշխատողներ բախվում են shutdown-ի (անջատում) հետևանքով առաջացած անհեթեթ դրսևորումների»,-գրում է գերմանական Die Welt թերթի թղթակից Թինա Կայզերը։

Նրա անդրադարձը թարգմանաբար ներկայացրել է նաև ռուսական InoPressa կայքը։

 

«Օրինակ՝ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտից Մայքլ Լեզերը մնացել է Ավստրալիայում, ուր ժամանել է համաժողովի մասնակցելու նպատակով, որի ժամանակ պետք է հանդես գար զեկույցով։ Պարզվում է, որ հենց գիտնականը վայրէջք է կատարել Ավստրալիայում, ղեկավարությունից տեղեկացրել են, որ ֆինանսական խնդիրներից ելնելով՝ նա չի կարող մասնակցել համաժողովին։ Իսկ չէ՞ որ անհրաժեշտ զեկույցի կազմման վրա տղամարդն աշխատել է մի քանի ամիս»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ բյուջետային վիճաբանության պատճառով մի քանի տարով կարող է հետաձգվել դեպի Մարս կատարվելիք MAVEN առաքելության մեկնարկը։

 

Կայզերը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր էր ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնել 650 մլն դոլար արժողությամբ նախագիծը։ Արդյունքում, գիտնականները պետք է սպասեն մինչև 2016թ.։

 

«Արգելքի տակ է հայտնվել նաև հանրահայտ «Կու կլուկս կլան» ծայրահեղ աջակողմյան կազմակերպության ծրագրած երթը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին»,-շարունակում է հեղինակը՝ նկատելով, որ Սպիտակ տան ու Կապիտոլիումի կողքին գտնվող բարերն ու գարեջրատները գլխի են ընկել, թե ինչպես կարելի է գումար վաստակել անգամ այն դեպքում, երբ պետաշխատողներն արձակուրդում են։


Այս հաստատությունները համացանցը հեղեղել են կարգախոսներով, ըստ որոնց՝ «ֆինանսավորման դադարեցումն իր հետ բերում է հավելյալ ազատ ժամանակ, և խմելու շատ լավ առիթ է»։ Իսկ որոշ հաստատություններ էլ առաջին կոկտեյլն անվճար են տրամադրում, եթե այցելուն ցույց է տալիս պետաշխատողի իր վկայականը։
 

Ամերիկյան shutdown-ի ամենազավեշտալի դեպքերը. Die Welt-ի անդրադարձը