Անտոնիո Բանդերասը կցանկանար նկարահանվել ռուս ռեժիսորի մոտ

11:19 • 04.10.13

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը, որը Մոսկվա է բերել նոր «Ջասթինը և փառքի ասպետները» մուլտֆիլմը, խոստովանել է, որ կցանկանար նկարահանվել ռուս ռեժիսորի մոտ։ Նրա խոսքով՝ իր համար դա մեծ պատիվ կլինի, գրում է ДНИ.ru-ն։

 

«Ես արդեն 23 տարի է ապրում եմ ԱՄՆ-ում, իսկ երբ տեղափոխվեցի այնտեղ, 31 տարեկան էի, ես նույնիսկ անգլերեն չգիտեի»,- պատմել է դերասանը, ով նոր անիմացիոն նախագծի ոչ միայն պրոդյուսերն է, այլև հնչյունավորել է գլխավոր հերոսներից մեկին։

 

Ֆիլմի աշխատանքները տևել են մի քանի տարի։

«Դա լարված աշխատանքի 4 տարիներ էին՝ թե՛ գեղարվեստական տեսանկյունից, թե՛ տեխնոլոգիաների»,- նշել է դերասանը։ Նա հավելել է, որ մուլտֆիլմն արդեն տեսել են Անգլիայում, Չեխիայում և Իսպանիայում։

«Ռուսաստանը 4-րդ երկիրն է։ Ինձ համար դա հատկապես կարևոր է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանը շատ կարևոր կինոշուկա է դարձել»,- ասել է Բանդերասը։

 

Այն հարցին, թե կցանկանար նկարահանվել ռուս ռեժիսորի ֆիլմում, դերասանը պատասխանել է. «Եթե հնչի հեռախոսազանգ, և ինձ զանգահարի երիտասարդ ռուս ռեժիսոր կամ ոչ այնքան երիտասարդ, եթե ես մեծ պոտենցիալով պատմություն տեսնեմ, անմիջապես կհամաձայնվեմ նկարահանվել, ինձ համար դա մեծ պատիվ կլինի»,- նշել է Անտոնիո Բանդերասը։