Կիպրոսը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին
Տնտեսական ճգնաժամի պատճառով Կիպրոսի CYBC հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին, գրում է loveradio.ru-ն։
Մրցույթին չմասնակցելու որոշումը կայացրել է CYBC-ի տնօրենների խորհուրդը։
«CYBC-ը հայտնում է տնօրենների խորհրդի որոշման մասին՝ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին չմասնակցելու վերաբերյալ։ Խորհուրդը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հանրության կարծիքը և տնտեսական ճգնաժամը»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ պետությունը կտրուկ կրճատել է 2014թ. CYBC-ի բյուջեն։
Այսպիսով, Կիպրոսը դարձել է 6-րդ երկիրը, որը հրաժարվել է մրցույթին մասնակցությունից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաժարվել են Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը և Անդորան։










