Instagram-ը գովազդ կցուցադրի ԱՄՆ-ի օգտատերերին
Հանրահայտ Instagram ֆոտոծառայությունը կսկսի գովազդ ցուցադրել ամերիկացի օգտատերերին, ինչն աննախադեպ երևույթ է։ Ինչպես գրում է Взгляд-ը, մինչ այս Instagram-ը գովազդ չի ցուցադրել։
«Մենք մեծ ծրագրեր ունենք ապագայի հետ կապված, որոնց իրագործումը Instagram-ը կվերածի կայուն բիզնեսի։ Չի բացառվում, որ եկող ամիսների ընթացքում դուք գովազդ կտեսնեք Instagram-ի լրահոսում»,-նշվում է ֆոտոծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Գովազդի ցուցադրման վերաբերյալ խոսակցությունները սկսեցին շրջանառվել, երբ ընկերություն եկավ նոր օպերացիոն տնօրեն Էմիլի Ուայթը։ Ավելի վաղ՝ անցած տարվա վերջին, ֆոտոծառայությունը ներկայացրել էր մի շարք նոր կանոններ, ըստ որոնց Instagram-ը կարող է առանց որևէ փոխհատուցման օգտագործել օգտատերերի ներբեռնած լուսանկարները գովազդում։ Այն ժամանակ դա խիստ քննադատվեց օգտատերերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից։










