Իտալական մամուլը հայտնում է Լեոնարդո դա Վինչիի նոր կտավի հայտնաբերման մասին

18:36 • 04.10.13

Լեոնարդո դա Վինչիի նախկինում անհայտ կտավը հայտնաբերվել է Շվեյցարիայի բանկերից մեկում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Corriere della Sera իտալական թերթին։

 

Կտավը, որում հայտնի մարկիզուհի Իզաբելա դ՛Էստեն պատկերված է Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացու կերպարում, ենթադրաբար արվել է 16-րդ դարի սկզբին։

 

Պարբերականի տվյալներով՝ Լեոնարդոն Իզաբելայի էսքիզն արել է դեռևս 1499-ին Մանտուայում գտնվելու ժամանակ, որն այժմ պահվում է Լուվրում։ Հետագա մի քանի տարիների ընթացքում մարկիզուհին մի քանի անգամ նամակներ և սուրհանդակներ է ուղարկել մեծ վարպետի մոտ՝ խնդրելով դիմանկարը գունավոր դարձնել, սակայն նրա խնդրանքն անպատասխան է մնացել։

 

Նկարն այդպես էլ անավարտ է համարվել մինչ այն պահը, երբ գրեթե 500 տարի անց հայտնաբերվել է Շվեյցարիայի հյուսիսում։

 

Փորձագետները մի քանի տարի ուսումնասիրել են կտավը, որից հետո եկել են այն եզրահանգման, որ գլուխգործոցն իսկապես պատկանում է Դա Վինչիի վրձնին։

 

«Կասկած չկա, որ կտավն արվել է Լեոնարդոյի կողմից, սակայն մեզ դեռևս անհրաժեշտ է որոշ ժամանակ՝ հասկանալու համար, թե որ հատվածներն են լրացրել նրա աշակերտները»,- ասել են փորձագետները։