Վոյնիչի ձեռագիրը. աշխարհի ամենաառեղծվածային գիրքը (լուսանկարներ)
Oddity Central կայքն անդրադարձել է աշխարհի ամենախորհրդավոր գիրքը համարվող Վոյնիչի ձեռագրին, որը գրված է մարդկության համար անհայտ լեզվով։
1912թ. իտալացի ճիզվիտները ֆինանսական խնդիրների պատճառով բացառիկ ձեռագիրը վաճառել են անտիկ գրքերի առքուվաճառքով զբաղվող Վիլֆրեդ Վոյնիչին։ Անհասկանալի լեզվով գրված ձեռագրի հետ մեկտեղ Վոյնիչը ստացել է նաև մի ցուցակ, որում գրված է եղել ձեռագրի նախկին բոլոր տերերի անունները՝ ժամանակագրական կարգով։
Ի սկզբանե (1576-1612թթ.) այն պատկանել է Գերմանիայի Ռուդոլֆ 2-րդ կայսերը, ով 600 ոսկյա դուկատով այն գնել է անգլիացի Ջոն Դիից։ Մասնագետները ենթադրում են, որ խորհրդավոր ձեռագրի հեղինակն է Ռոջեր Բեկոնը։
1912-1962թթ. ընթացքում ձեռագիրը գտնվել է Վոյնիչի մոտ, այնուհետ հայտնվել և առայսօր պահվում է Յեյլի համալսարանի հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանում։
Գրքում ներկայացված են բուսաբանության, տիեզերքի, աստղագիտության, կենսաբանության, դեղագործության և բժշկության վերաբերյալ նկարազարդումներ ու անհասկանալի տեքստեր, որոնք վերծանելու մասնագետների բոլոր փորձերն անհաջողություն են ունեցել։
Տարիներ շարունակ շատերը պնդել են, թե իբր գիրքը Վոյնիչի խաբեության արդյունք է, և որ նա ինքն է այն գրել։ Սակայն գիտնականներ Դամիանա Զանետեն և Մարչելո Մոնտեմուրոն լայնածավալ ուսումնասիրություններից հետո պարզել են, որ ձեռագիրը գրվել է արհեստական լեզվով, որը, սակայն, հստակ տրամաբանական կառուցվածք ունի։
Նրանց հաջողվել է պարզել, որ ձեռագիրը պարունակում է 170 հազար նիշ, որոնք իրենցից ներկայացնում են 20-30 տառից բաղկացած այբուբեն։














