Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը դեմ չէ բիզնես ծրագրերին, բայց առաջնահերթությունները պահպանելու պայմանով
Լեռնային Ղարաբաղում՝ Աղդամի մոտ, Խաչենագետի աջ ափին գտնվող «Տիգրանակերտ» անունով հին հելլենիստական քաղաքը պեղած արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեմ չէ, որ իրենց գտածոյի հաշվին բիզնես, և առավել ևս՝ մշակութային ծրագրեր իրականացվեն, բայց պայմանով, որ պահպանվեն առաջնահերթությունները:
«Ես բախվում եմ այն իրականությանը, որ Տիգրանակերտի թանգարանը վճարովի պետք է լինի, ես ասում եմ՝ հարգելի իշխանություններ, մենք պիտի որոշենք՝ Տիգրանակերտը մշակութային-սոցիալական-քաղաքական ֆենոմե՞ն է, թե՞ բիզնես ֆենոմեն է: Ու ինձ անընդհատ բերվում է այն փաստը, բա պահպանման գումարը ո՞վ պիտի տա »,-ասաց հնագետը:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի մեկից Տիգրանակերտի հնագիտական թանգարան այցելությունը դարձել է վճարովի՝ մեկ տոմսն արժե 250 դրամ: Սա միայն թանգարան մտնելու համար, սակայն կան այլ ծառայություններ, օրինակ՝ 70 հա տարածքում շրջելու և պարիսպը դիտելու համար լրացուցիչ գումարներ են պահանջվում՝ մինչև 5000 դրամի չափով:
Տարեկան Տիգրանակերտ է այցելում 25-30 հազար զբոսաշրջիկ:
Գիտնականը ամենամեծ շեշտը դնում է Տիգրանակերտի քաղաքական նշանակությունը ՀՀ քաղաքական շրջանակներից բարձրացնելու անհրաժեշտության վրա:
«Ըստ էության, մեր քաղաքական դաշտը այդպես էլ չի օգտագործում: Դա իմ խնդիրը չէ … Ես անձամբ չեմ տեսել որևէ քաղաքական ուժի կողմից որևէ դիմում, և՛ ավանդական կուսակցությունները, Հանրապետական կուսակցությունը, որևէ հրավեր և չեմ տեսել արդյունքների որևէ օգտագործում (հակամարտության կարգավորման համատեքստում)»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա սա աբսուրդ է համարում, նկատի ունենալով այն, որ իր իսկ գնահատմամբ՝ այսօր ողջ Կովկասում չկա ավելի ընդարձակ հելլենիստական հուշարձան, քան Տիգրանակերտը:
Ադրբեջանցիների կողմից Տիգրանակերտի հետ կապված «հանաքներին» (որ օրինակ՝ Տիգրանակերտը հայտնաբերել են «հին հայկական հնագետներ» կամ, որ «հայերը գիշերը դաշտերից հավաքել են քարեր, դասավորել և մեզ ներկայացնում են որպես պարիսպ») մինչև ավելի չափավոր տեսակետներ, որ Տիգրանակերտ կա, բայց այն ոչ թե հելլենիստական է, այլ աղվանական Տիգրանակերտ է, հնագետը սովոր է: Բայց հայկական կողմից էլ հնչում են որոշ տեսակետներ, որոնք Համլետ Պետրոսյանի համար անհասկանալի են: Օրինակ՝ որ Տիգրանակերտը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում քաղաքական և ոչ մի նշանակություն չի կարող ունենալ և ավելի շուտ՝ ներքին սպառման համար է:
Ինչ վերաբերում է դաշտերից քարեր հավաքելու տեսությանը, ապա հնագետը նշեց, որ այդ քարերից որոշները կշռում են մինչև 1.5 տոննա:
Նշենք, որ Տիգրան Մեծ արքայի կողմից մ.թ.ա. 1-ին դարում կառուցված այս քաղաքի (Տիգրան Մեծը հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք) պեղումները սկսվել են 2006-ին, և 2011թ. դրությամբ պեղված է քաղաքի տարածքի 7-8%-ը։
«Շատ հաճախ թվում է, թե մշակութային քաղաքականությունը համերգների կազմակերպումն է, մշակութային քաղաքականությունը դա հասարակության մշակութային կյանքն է … Եվ էս տեսակետից Տիգրանակերտը դրական դերակատարում ունի»,- ամփոփեց Համլետ Պետրոսյանը:
Նա սա ասելով առաջին հերթին նկատի ուներ, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին անցած դաշտային Արցախի որոշ գյուղերի բնակիչներ, որոնք հիմա ութ նոր գյուղեր են հիմնել Տիգրանակերտի մոտ, ամեն տարի համատարած մասնակցում են պեղումներին և այդ պատմական ու մշակութային հենքին ծանոթանալով՝ նորից հայկական ինքնություն են վերակերտում:
Այսինքն՝ նամակներ են ուղարկում Տիգրանակերտ հասցեով, այցելող զբոսաշրջիկներին ասում են, որ «մենք Տիգրանակերտի մոտ ենք ապրում»:










