Փղերի նախնիները կնճիթի փոխարեն հսկայական ծնոտ են ունեցել. հետազոտություն (լուսանկարներ)
Գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փղերի նախապատմական տեսակները ժանիքների երկրորդ զույգն են ունեցել, որը նրանք օգտագործել են պինդ բուսականությունը կտրելու համար, ներկայացնում է Daily Mail-ը:
Platybelodon տեսակի փղերի տարօրինակ տեսք ունեցող ծնոտը կիրառվել է որպես «գերանդի» իրենց կերակուրը պոկելու-կտրելու համար:
Գիտնականները նախկինում կարծում էին, որ փղերի նախնիները ջրային կենդանիներ են եղել, որոնք իրենց ժանիքներն օգտագործել են իրենց վրա ջուր ցողելու և ճահիճներում կեր հայթայթելու համար: Սակայն գտածո ժանիքների հետագա հետազոտությունները ստիպեցին գիտնակններին այլ եզրահանգման գալ:
Ողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Ուիլյամ Սենդերսը` Միչիգանի համալսարանից, հայտնել է, որ ժանիքների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կիրառվել են ավելի շուտ բուսականությունը կտրել-պոկելու համար: Իսկ բրածոների մեծ քանակությունը ջրային տարածքներում պայմանավորվում է նրանով, որ կենդանիները սովորաբար երկար ժամանակ են անցկացրել այդ տարածքներում:
Platybelodon փղերի նախնիները բնակվել են 8-20 մլն տարի առաջ այժյան Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տարածքներում:













