Մեկ-մեկ չի ստացվում միաժամանակ ամեն տեղ լինել. Հրանտ Թոխատյանն իր նոր հաջողությունների մասին (տեսանյութ)

14:11 • 06.10.13

Դերասան Հրանտ Թոխատյանը քայլեր է անում ներկայացնելու դերասանական իր տաղանդը հայրենիքից դուրս։ Tert.am-ի հետ զրույցում դերասանն անկեղծացավ՝ «Ժամանակն է դուրս գալ հայկական թատերական շրջանակներից և ներկայանալ նաև դրսում, քանի որ դրա ռեսուրսը կա»։

«Ռուսաստանում բազմածավալ աշխատանք եմ սկսել։ Մի ֆիլմում եմ նկարվել, որն ավարտեցինք, հիմա ընդգրկվել եմ ևս երկուսում։ Այսօր, օրինակ, շատ շնորհակալ եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանից («Պապ 005» ֆիլմի ռեժիսոր), որ ես կարողացա խաղալ ռուսական կինոյում, տեսնել նրանց աշխատաոճը, ինչը շատ հետաքրքիր է»,- նշեց դերասանը։

Հիշեցնենք, որ հայ, ռուս, վրացի և լատվիացի դերասանների կազմով նկարահանված «Պապ 005» կինոկատակերգության մեջ Հրանտ Թոխատյանը դեր էր ստացել՝ խաղալով Վախթանգ Կիկաբիձեի, Սերգեյ Շակուրովի, Անդրիս Բուլիսի, Կոնստանտին Յուշկևիչի և այլոց հետ։

«Ֆիլմից հետո մենք լավ բարեկամներ դարձանք Սերգեյ Շակուրովի հետ, և պլանավորել ենք միասին նույնիսկ ներկայացում խաղալ»,- ասաց նա և նշեց, թե դեռևս դժվար է ասել, թե ինչ ներկայացում կլինի։ «Դեռ մտածում ենք»,- ասաց նա։

Նշենք, որ բացի այդ, ռուսական CTC հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում «Последний из Мaгикян» երգիծական կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերից մեկը բաժին է ընկել Հրանտ Թոխատյանին: Սերիալը պատմում է 45-ամյա Կարեն Մահիկյանի մասին: Հրանտ Թոխատյանի մարմնավորած կերպարն իրեն շատ ժամանակակից է համարում, բայց նրան նյարդայնացնում է, որ շրջապատում բոլորը տարված են iPad-ով և iPhone-ով: Ֆիլմի սյուժեի հիմքում հայ ավանդապաշտ տղամարդու երազանքն է, ով երազում է տղա ունենալ, սակայն մինչ նա երազում է, դուստրերը մեծանում են, ու ամեն մեկը փորձում է սեփական կյանքը դասավորել, գտնել իր կեսին։ Փեսացուներից ոչ մեկին Մահիկյանն այդպես էլ չի հավանում:

Մեր հարցին, թե տեղեկություններ էին տարածվել, որ դերասանը տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղ ապրելու, ի՞նչ փոխվեց դերասանի պլաններում, Հրանտ Թոխատյանը պատասխանեց, թե ոչինչ էլ չի փոխվել, ինքը նաև ԼՂՀ-ում է շարունակում աշխատել։

«ԼՂՀ տեղափոխվել ապրելու հարցը չէր դրված, այլ աշխատանքի, որը արդեն սկսել եմ և աշխատում եմ իմ մասնագիտությամբ, այն ինչ-որ ես կարող եմ անել, ինչն անում եմ մեծ հպարտությամբ, և կարծում եմ, որ իմ պետքությունն այնտեղ կլինի»,- ասաց նա և հստակեցրեց, որ Արցախում էլ, ինչպես և Երևանում ու Ռուսաստանում, աշխատում է թատրոններում, հեռուստատեսությունում։

Հարցին, թե ամեն տեղ լինել ինչպե՞ս է հասցնում, Թոխատյանը ծիծաղեց ու պատասխանեց. «Չէ մեկ-մեկ չի ստացվում միաժամանակ ամեն տեղ լինել»։

Դիտարկմանը, թե այսինքն՝ գործը կիսատ է թողնում, դերասանը պատասխանեց. «Ոչ, ես իմ գործը հասցնում եմ ամբողջապես, ժամանակի մասին ենք խոսում։ Աշխատանքի կազմակերպումը կատարում ենք այնպես, որ եթե ես չկամ, աշխատանքը շարունակվում է։ Պարտադիր չէ, որ ես անպայման պետք է ամեն անգամ ներկա լինեմ»։

Դերասանի խոսքով՝ ԼՂՀ-ում, օրինակ, ինքն ընդգրկված չէ ներկայացումներում։ «Ես այնտեղ չեմ խաղում, խոսքը գնում է թատրոնի կազմակերպման մասին, այս դեպքում իմ կողմից, իսկ ապագայում այնպես կլինի, որ կխաղամ նաև ներկայացում։ Անպայման չի, որ ծայրից ծայր ես ընդգրկվեմ, կարող է ես Երևանում մասնակցեմ աշխատանքներին, բայց ներկայացումը խաղանք արդեն ԼՂՀ-ում։ Ամենակարևորը, որպեսզի թատրոնի ստրուկտուրան փոխենք, որպեսզի թատրոնն ունենա երկարատև և հարատև կյանք, աշխատանքի ավելի արդյունավետ, որպեսզի Ղարաբաղի հանդիսատեսն էլ ընդգրկվի թատրոնի կյանքին, ինտեգրվի համաշխարհային թատրոն, որը, ցավոք սրտի, մի փոքր կողք էր մնացել»,- նշեց նա։

Թե ինչպիսի՞ն է թատերական կյանքը ԼՂՀ-ում, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «ԼՂՀ թատրոնն իհարկե ունի հետաքրքիր պատմություն, ունեցել է շատ լավ դերասանական կազմ, շատ լավ ռեժիսորներ, որոնց մի մասն աշխատում է նաև այսօր, բայց թե ինչպիսի թատրոն է ԼՂՀ-ում, երևի այնպիսին, ինչպիսին, ցավոք սրտի, նաև մեզ մոտ է՝ Հայաստանում։ Ոչ միշտ ենք գոհ նրանից ինչ ունենք, ինչը ասեմ, որ շատ լավ է, որովհետև դա տալիս է ձգտում, որ գնանք առաջ, մեր հայացքը նետենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որովհետև ես կարծում եմ, որ մենք ունենք այն թատերական ռեսուրսները, որոնք կարող ենք ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այդ թվում նաև սփյուռքում, այլ դրա շրջանակից դուրս. կլինի դա ռուս հանդիսատեսը, լեհ, թե ֆրանսիացի, դա նշանակություն չունի»,- եզրափակեց նա։