Վուդի Ալենը հակածխախոտային օրենքի պատճառով չեղյալ է համարել նոր ֆիլմի ցուցադրությունը Հնդկաստանում
Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի «Հասմիկ» ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է մեկնարկեր այս շաբաթ՝ Հնդկաստանի կինոթատրոններում, չեղյալ է համարվել։ Նման որոշում կայացրել է հենց ռեժիսորը՝ այդկերպ բողոքելով հակածխախոտային օրենքի դեմ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով PVR Pictures կինոթատրոնների ցանցի ղեկավարներից մեկին՝ Դիփակ Շարմային։
2011թ. նոյեմբերին Հնդկաստանում ուժի մեջ են մտել կանոններ, համաձայն որոնց ֆիլմում ծխելու հետ կապված յուրաքանչյուր դրվագ պետք է ուղեկցվի նիկոտինի հանդեպ հակում ունենալու վնասակարության մասին գրառմամբ։ Իսկ նման տեսարաններ ունեցող ֆիլմից առաջ 30 վայրկյան տևողությամբ համապատասխան տեսահոլովակ է ցուցադրվում։
Վուդի Ալենը կարծում է, որ նման մեթոդները շեղում են այն ամենից, ինչ տեղի է ունենում էկրանին։ «Հասմիկ» ֆիլմում, որտեղ նկարահանվել են Քեյթ Բլանշետը, Սալի Հոկինսը և Ալեք Բոլդուինը, ծխող կերպարներով երկու տեսարան կա։










