Չինացի նկարչի «Վերջին ընթրիքն» ասիական ժամանակակից արվեստի ոլորտում ռեկորդ է սահմանել

13:19 • 07.10.13

Չինացի նկարիչ Զենգ Ֆանժիի յուղաներկ աշխատանքը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 23,3 մլն դոլարով՝ ասիական ժամանակակից արվեստի համար ռեկորդային գնով, գրում է CNN-ը:

 

Չորս մետր լայնություն ունեցող կտավը գնել է մասնավոր մի հավաքորդ, ով ցանկացել է իր անունը չհրապարակել: Sotheby's-ի աճուրդում նկարի նախնական գինը եղել է 9 մլն դոլար:

 

2001 թվականին ստեղծված աշխատանքը Հիսուսի և 12 առաքյալների վերջին ընթրիքը պատկերող Լեոնարդո Դա Վինչիի հայտնի կտավի տարբերակն է:

 

Զենգի աշխատանքում կրոնական կերպարները փոխարինվել են կարմիր վզկապներով երիտասարդ կոմունիստներով: Sotheby's-ի ասիական ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Էվելին Լինի խոսքով՝ Հուդային փոխարինող կերպարն արևմտյան ոճով դեղին վզկապ ունի, որը խորհրդանշում է Չինաստանի շարժվելը դեպի կապիտալիզմ: