Կինոթատրոն հաճախելը նպաստում է երիտասարդ մնալուն. հետազոտություն
Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականներ Կենձի Տինգուչին և Ակիրա Հիրանոն մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կինոթատրոն հաճախելը նպաստում է երիտասարդ մնալուն, տեղեկացնում է Kinema Junpo կինոպարբերականը։
Կինոդահլիճում ֆիլմի դիտումն ակտիվացնում է մարդու ուղեղի բջիջները, ինչն իր հերթին նպաստում է երիտասարդ մնալուն։
Ինչպես հայտնի է՝ ուղեղի բջիջների ակտիվությունն ազդում է ամբողջ նյարդային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին բարերար ազդեցություն է ունենում ամբողջ մարմնի համար։ Բայց այստեղ մի զարմանալի նրբություն կա, ինչը հետաքրքրել է գիտնականներին։ Պարզվում է, որ ամենալավ ազդեցությունը թողնում է այն, երբ մարդն ինտենսիվ մտածում է ոչ թե իր խնդիրների, այլ՝ ինտելեկտուալ հարցերի շուրջ։
Բազմաթիվ փորձերից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամենաարդյունավետ միջոցն ինտելեկտուալ կամ փառատոնային կինոն է։ Ընդ որում՝ այն ֆիլմերը, որոնք հասարակության մեջ լայն ճանաչում չունեն։
Գիտնականների կարծիքով՝ բավական է կինոթատրոնում երկու սեանս մայրենի լեզվով որևէ ինտելեկտուալ ֆիլմ դիտել և ուղեղի «օգտագործվող» բջիջների 70 տոկոսն ակտիվանում են, օտարալեզու ֆիլմերի դեպքում՝ 25 տոկոսը։ Ինչու մայրենի, քանի որ մայրենիի դեպքում օրգանական փոխազդեցությունը կատարվում է բնականոն ձևով։
«Սա նշանակում է՝ մոտավորապես մեկ ժամ ինտելեկտուալ ֆիլմ դիտելն ավելացնում է 10 րոպե երիտասարդություն կամ նույնքան առողջություն»,-ասել է Ակիրա Հիրանոն՝ հավելելով, որ հետազոտությունները շարունակվում են։
Միգուցե դրանով է պայմանավորված կամ պարզ զուգադիպություն է, որ ճապոնական կինոարտադրության գումարի «առյուծի բաժինը»՝ մոտ 80 տոկոս, պետությունը հատկացնում է ինտելեկտուալ կինոյին, գրում է աղբյուրը։










