Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը

18:31 • 07.10.13

Երևանում այսօր տեղի է ունեցել հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

 

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:

 

Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ:

 

Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը: