Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը 742 մլն դոլար է բերել քաղաքին մեկ սեզոնի ընթացքում

17:31 • 08.10.13

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը քաղաքին 742 մլն դոլարի եկամուտ է բերել գարուն-ամառ սեզոնի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թանգարանի մամուլի հաղորդագրությունը։

 

«Այս սեզոնի 3 ժամանակավոր ցուցադրությունները՝ «Իմպրեսիոնիզմ, նորաձևություն և արդիականություն», «Պանկ՝ քաոսից մինչև բարձր նորաձևություն» և «Այգիների կառուցում տանիքում. Իմրան Քուրեշի», բերել են մոտ 742 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Թիվը, որը կազմվել է թանգարանի այցելուների շրջանում անցկացված հարցման հիման վրա, հաշվի է առնում զբոսաշրջիկների ծախսերը, ինչպես նաև հարկերը, որոնք փոխանցվել են քաղաքի բյուջե։

 

Թանգարանի հաշվարկներով՝ ցուցահանդեսներից առաջինն ունեցել է 440 հազ. այցելու, 2-րդը՝ 442 հազ., իսկ 3-րդը՝ 259 հազ.։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Մետրոպոլիտենի այցելուների 77%-ը եկել են այլ քաղաքներից, ընդ որում՝ նրանց մոտ կեսն օտարերկրացիներ են եղել։

 

Նրանք գրեթե բոլորը գիշերել են քաղաքում, մնացել են հյուրանոցներում կամ վարձակալած բնակարաններում։

Հարցվածների 54%-ը թանգարան այցելելը նշել է որպես գլխավոր պատճառ Նյու Յորք այցելելու համար։


Թանգարանի տոմսի արժեքը մեծահասակների համար 25 դոլար է, ուսանողների համար՝ 12 դոլար։ 12 տարեկանից փոքր երեխաների համար թանգարանի մուտքն անվճար է։