Հայտնի են դարձել Նոբելյան մրցանակի ֆիզիկայի դափնեկիրների անունները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը 1 ժամ ուշացումով հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, մրցանակը ստացել են բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։
Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. ԱՄՆ-ն ներկայացնող 3 գիտնականներին՝ Ջեյմս Ռոթմանին, Ռենդի Շեկմանին ու Թոմաս Զյուդոֆին մրցանակ է շնորհվել միջբջջային փոխազդեցության ոլորտում կատարած ուսումնասիրության համար։
Վաղը հայտնի կդառնա քիմիայի ոլորտի դափնեկիրը, իսկ հաջորդ օրերին՝ գրականության, տնտեսագիտության, ինչպես նաև խաղաղության մրցանակի դափնեկիրների անունները։










