Հայտնի հայ գիտնականը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ

12:45 • 08.10.13

Հայտնի հայազգի գիտնական Արտյոմ Օհանովը կարող է այս տարի Նոբելյան մրցանակ ստանալ: Այս մասին հայտնում է «Ռուսկի ռեպորտյորը»:

 

Ըստ աղբյուրի` 38-ամյա Օհանովին Նոբելյան մրցանակ են կանխագուշակում փորձագետները` նոր նյութեր կանխորոշելու մասին նրա աշխատանքների համար:

 

Աղբյուրը նշում է, որ Օհանովն աշխարհում տասը ամենահայտնի ռուսաստանցի գիտնականներից է: Մեկ այլ վարկանիշային աղյուսակով` նա արտասահմանում հաջողության հասած ռուսաստանցիների 50-յակում է:

 

Օհանովն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, աշխատել է Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ երկրների համալսարաններում: Այժմ Նյու Յորքի նահանգի համալսարանում, Ռուսաստանում և Չինաստանում լաբորատորիաների վարիչ է:

 

Նախկինում ևս նրա անունը նշվել է Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում: Իր հարցազրույցում, սակայն, Օհանովն ասում է, որ լավ է այդ մասին չմտածել և իր գործն անել:

 

Նոբելյան մրցանակի համար նա այս անգամ ունի նաև պրակտիկայի առավելությունը. նրա կանխատեսած պոլիմերների նոր ընտանիքը` հատուկ դիէլեկտրիկ հատկություններով, հնարավոր է եղել ստանալ լաբորատորիայում:

 

Ավելի վաղ Snob-ին տված հարցազրույցում Օհանովը խոսել էր հայկական ծագման և հոր` նարդի խաղալու սովորության մասին:
 

Հայտնի հայ գիտնականը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ