Բրազիլիան ստեղծել է իր սեփական ռազմական միկրոարբանյակը
AEL Sistemas ընկերությունը՝ իսրայելական Elbit Systems-ի բրազիլական մասնաճյուղը, հայտարարել է ռազմական նշանակության նոր միկրոարբանյակ ստեղծելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Jane’s-ին:
Արբանյակի փորձնական տարբերակի ցուցադրությունը հոկտեմբերի 4-ին կայացել է Ռիու-Գրանդի-դու-Սուլ շրջանի Պորտու-Ալեգրի քաղաքում: Տիեզերական սարքը, որը ստացել է MMM-1 անունը, նախատեսված է կապի ապահովման և երկրի մակերևույթին հետևելու համար:
MMM-1-ը կշռում է մոտ 10 կգ, իսկ տրամագիծը կազմում է մոտ 30 սմ: Այն ստեղծվել է Բրազիլիայի FINEP գործակալության աջակցությամբ: Ծրագրի ֆինանսավորումը կազմել է մոտ 19.5 միլիոն դոլար:
MMM-1-ի ստեղծմանը մասնակցել են նաև նահանգի մի քանի համալսարաններ և զինվորական մասնագետներ: Ըստ գործող ժամանակացույցի, MMM-1 տեսակի արբանյակը ծրագրվում է երկրի ուղեծիր դուրս բերել 2015 թվականի դեկտեմբերին:










