Ֆրանկֆուրտում բացվել է աշխարհում գրքի ամենախոշոր տոնավաճառը

13:34 • 09.10.13

Ֆրանկֆուրտում (Գերմանիա) իր աշխատանքն է սկսել աշխարհում գրքի ամենախոշոր տոնավաճառը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Տոնավաճառում, որը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը, իրենց արտադրանքն են ցուցադրել 100 երկրներից 7.300 ներկայացուցիչներ։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի տոնավաճառ կայցելի մոտ 280 հազ. մարդ։

 

Այս տարի միջոցառման պատվավոր հյուրն է Բրազիլիան, որի ցուցադրությունը տեղակայված է 2.500 քմ տարածքում։ Բացման հանդիսավոր արարողությանը գերմանական կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեն։ Բրազիլիայի պատվիրակությունը ղեկավարում է փոխնախագահ Միշել Թեմերը։

 

Տաղավարների ընդհանուր տարածքը կազմում է 169 հազ. քմ։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես տոնավաճառում բացի գրքերից այցելուներին առաջարկվում են ամսագրեր, թերթեր, քարտեզներ, օրացույցներ, կոմիքսներ։ Մոտ 1.500 հեղինակներ անձամբ կներկայացնեն իրենց նոր աշխատանքները։

 

Ի սկզբանե՝ որպես գործընկեր երկրի ներկայացուցիչ Գերմանիա էր հրավիրվել 66-ամյա գրող Պաոլո Կոելյոն, սակայն վերջին պահին նա հրաժարվել է մասնակցել տոնավաճառին՝ իր որոշումը մեկնաբանելով նրանով, որ իր երկրի պատվիրակությունում ներառված հեղինակների մեծամասնությանն ինքը չի ճանաչում։