Ճապոնական ընկերություններին դատի են տվել Մայքլ Ջեքսոնի անունն օգտագործելու համար
Երեք ճապոնական ընկերությունների դատի են տվել Մայքլ Ջեքսոնի անունն ու նկարն ապօրինի կերպով օգտագործելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Japan Daily Press-ին:
Երգչի ժառանգները հայցով դիմել են Տոկիոյի դատարան: Ընկերություններն իրենց արտադրանքը սպառում են ինտերնետային խանութների միջոցով: Ընդ որում՝ նրանք նշում են, որ ունեն անհրաժեշտ իրավունքները ողջ Ասիայով օգտագործելու երգչի նկարն ու անունը: Վաճառքի են հանվել 100 դոլար արժողությամբ կրակայրիչներ, 5 դոլարանոց բացիկներ և սրբիչներ՝ 21 դոլարով:
Մայքլ Ջեքսոնի ժառանգները չեն փորձում ընկերությունից փոխհատուցում ստանալ, նրանք պահանջում են ընկերությունների գործունեության դադարեցում: Դատական հայցում նշվում է, որ ընկերություններն «օգտվում են առիթից, որ Մայքլը մահացել է»:










