Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես Երկրորդ արքայի`3000 տարվա վաղեմություն ունեցող արձանը
Եգիպտացի և գերմանացի հնագետների խումբը Եգիպտոսի հյուսիսում հայտնաբերել է Ռամզես Երկրորդ արքայի արձանը, որն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի, գրում է Russia Today-ը:
Եգիպտոսի հնագույն ժառանգության հարցով նախարար Մուհամեդ Իբրահիմը իր ուղերձում ներկայացրել է, որ գտնված արձանը պատկանում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակին: Այն ունի 1.95 մետր բարձրություն և 1.60 մետր լայնություն և պատրաստված է կարմիր գրանիտից, հաղորդում է Euronews հեռուստաալիքը:
Ավելի ուշ արձանի վրա հայտնաբերվել են փորագրված հիերոգլիֆներ, որոնք մատնանշում են Ռամզես Երկրորդի անունը, ով այսպես կոչված Նոր Թագավորության փարավոններից մեկն է եղել: Փորագրությունների մեջ առանձնանում են նաև որոշ աստվածների անուններ:
Հնագետները արձանը հայտնաբերել են Կահիրեից 85 կմ դեպի հյուսիս գտնվող Բաստետ աստվածուհու տաճարի մոտակայքում պեղումներ անելիս: Այն հայտնի է նաև Մեծ տաճար անվանումով:












