Իրականությունը դրամի և քաղաքականության զոհ է դառնում. Ռուբեն Գալչյանի առաջարկը ադրբեջանական քարոզչության դեմ

13:33 • 09.10.13

1992-2000թթ. Լոնդոնում Հայաստանի Պատվո հյուպատոս, Լոնդոնի Armenian Institute գիտական, մշակութային կազմակերպության հիմնադիր հոգաբարձու Ռուբեն Գալչյանի համոզմամբ՝ այսօր պատմական իրականությունը դրամի և քաղաքականության զոհ է դառնում, Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել պատմությունը:

«Մենք երբեք առաջին քայլը չենք անում։ Տարիներ շարունակ Ադրբեջանի գիտական քաղաքական աշխարհն ասում է, որ հայկական տարածքները բոլորն ադրբեջանական են, ցավոք՝ մեր տեսակետին եվրոպական մամուլի շրջանակներում ծանոթ չեն»,- այսօր կայացած ասուլիսիսն ասաց քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը, ով հավաքել և հրատարակել է Ադրբեջանի կողմից հորինված պատմամշակութային կեղծիքները բացահայտող փաստերի և պատկերների հավաքածու:

Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության դեմն առնելու նպատակով նա առաջարկում է վերադառնալ աշխարհի հնագույն քարտեզին, որի վրա պատկերված են աշխարհի երեք կենտրոնները՝ Բաբելոնը, Ասորեստանը և Հայաստանը:

«Մեր պետությունը պետք է ավելի հիմնական քայլերով, փաստարկներով հրատարակություններ ունենա, և տարբեր մասնագետներ պետք է գնան տարբեր երկրներում այդ իրականության մասին հայտարարություններ անեն տարբեր հարթակներում, քանի որ այսօր Ադրբեջանի կողմից այլ երկրների պատմություններ իրենց վերագրելու երևույթ է նկատվում»,- ասաց Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ երեք աշխատությունների հեղինակը:

Առանձնացնելով ադրբեջանական գրքերից վերցված մի շարք օրինակներ՝ Ռուբեն Գալչյանը նշեց, որ օրինակ՝ Գառնին կոչվում է հին թրքական տաճար, Գոշավանքը՝ հայ-թրքական տաճար, Տաթևը՝ աղվանական-քրիստոնեական տաճար, Հաղարծինը՝ աղվանական-թրքական տաճար, Սաղմոսավանքը՝ թուրք-քրիստոնյաների տաճար և այդպես շարունակ:

Ինչ վերաբերում է Ջուղայի խաչքարերին, նա ասաց, որ եվրոպացի գիտնականների 90%-ը, որոնք գնված չեն Ադրբեջանի կողմից, գիտեն իրականությունը և հայ գիտնականների տեսակետն են պաշտպանում:

Քարտեզագետը նաև անդրադարձավ Google որոնողական համակարգում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք նշված լինելու խնդրին՝ ասելով, որ 10 տարի առաջ այնտեղ Ղարաբաղը որպես առանձին տարածք էր նշված, իսկ այսօր դա ադրբեջանական տարածք է նշվել: