Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել կանադուհի Էլիս Մունրոն
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էլիս Մունրոյին, հայտնում է РИА Новости-ն։
Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, որը պատասխանատու է մրցանակի հանձնման համար։
Հաղորդվում է, որ Մունրոն դարձել է 13-րդ կինը, ով արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, և այս ոլորտում 110-րդ Նոբելյան մրցանակակիրն ընդհանուր առմամբ։
Բուքմեյքերները նրան երկրորդ տեղ էին կանխատեսել, իսկ առաջին տեղում, ըստ նրանց, պետք է լիներ ճապոնացի Հարուկի Մուրակամին։
Մունրոյի արձակը համեմատում են ռուս գրող Անտոն Չեխովի արձակի հետ։ Նրա կարճ ստեղծագործություններում սյուժեն երկրորդական է, կարևորը հերոսների ապրումների խորությունն է, մասնավորապես՝ հերոսուհիների, քանի որ Մունրոն գրում է հիմնականում կանանց ճակատագրերի մասին։
Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։










