Երիտասարդական նվագախումբ, Ա. Ռոմանովսկի, Հ. Կազազյան, Հ. Խաչատրյան. համերգ նվիրված՝ Արամ Խաչատրյանի 110-ամյակին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00, տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Կազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) և Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից, կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները։
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին։
Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում և՛ Հայաստանում, և՛ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարների։










