Էրեբունի փողոցում այսօր մեկնարկել են «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնական միջոցառումները
Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում և Էրեբունի փողոցում այսօր մեկնարկել են «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնական միջոցառումները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ էր. Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն էին ցուցադրվում. տոնակատարությանը մասնակից քաղաքացիները դրանք գնելու հնարավորություն էլ ունեին։
Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։ Ներկաներին զվարճացնում էր նաև լարախաղացների խումբը։
Տոնավաճառում առանձին էր գրքի տաղավարը. այստեղ ներկայացված էին վերջին տարիներին հրատարակված մանկական գրականությունը, ինչպես նաև հայ ու արտասահմանյան գրականության երկեր։
Տոնավաճառին մասնակցում էին նաև մայրաքաղաքի սիրված պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։
«Էրեբունի-Երևան 2795»-ի նախատոնն ամփոփելու է «Երևանում տոն է» խորագրով համերգը»։












