Հայտնի է դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը

13:12 • 11.10.13

Նոբելյան հանձնաժողովն Օսլոյում հայտարարել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկրի անունը։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը։

 

ՔԶԱԿ-ի մասնագետները տեղեկություններ են հավաքում Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ՝ այն մինչև 2014թ. կեսը ոչնչացնելու համար։

 

Հեղինակավոր այս մրցանակի հավակնորդների թվում էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել, ռուսական իրավապաշտպան «եռյակը»՝ Լյուդմիլա Ալեքսեևան, Սվետլանա Գաննուշինան ու Լիլյա Շիբանովան, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման հարցերով Կրեմլի ամենավառ քննադատներից են։

 

Սակայն Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների շարքում ամենավիճահարույց թեկնածուները, ըստ The Telegraph-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն էին։

 

Ընդհանուր առմամբ, Խաղաղության մրցանակի հավակնորդների թիվն այս տարի հասել է 259-ի, որից 50-ը կազմակերպություններ էին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության ոլորտի դափնեկիրները։

 

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հաղթել են ԱՄՆ-ն ներկայացնող 3 գիտնական ՝ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեկմանն ու Թոմաս Զյուդոֆը, ովքեր մրցանակի են արժանացել՝ միջբջջային փոխազդեցության ոլորտում կատարած ուսումնասիրության համար։

 

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։


Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը՝ բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար։

 

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել կանադուհի Էլիս Մունրոն։


Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։

 


 

Հայտնի է դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը