Ռալֆ Լորենը որոշել է վերանորոգել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցը
Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելավորող Ռալֆ Լորենը հատուկ հարաբերություններ ունի Փարիզի հետ։ Ֆրանսիական մայրաքաղաքին ամերիկացի դիզայները մեծ սիրով է վերաբերվում և սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ նրա կյանքին, գրում է buro247.ru-ն։
Օրինակ` նա նորոգել է Սեն Ժերմեն փողոցում գտնվող 17-րդ դարի շինությունը, որտեղ նախկինում գտնվել է Particulier հյուրանոցը։ Այստեղ այժմ, իհարկե, գտնվում է նրա խանութը և ռեստորան, սակայն դա այդքան էլ կարևոր չէ, գլխավորը ճարտարապետական ժառանգությունը վերականգնվել է։
Վերջերս Լորենը ցանկություն է հայտնել ֆինանսապես աջակցել Փարիզի գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցի վերանորոգմանը։ Այս ուսումնական հաստատությունը մեծ դեր է ունեցել Ֆրանսիայի պատմության մեջ, կարելի է ասել՝ անգնահատելի։ Թեկուզև միայն այն պատճառով, որ դպրոցի շրջանավարտների թվում են Դեգան, Մոնեն, Ռենուարը, Էնգրը, Բուշեն և Ֆրագոնարը։
Լյուդովիկոս 14-րդ հիմնադրած դպրոցը նախկինում գտնվել է Լուվրի շենքում։ Սակայն հետագայում տեղափոխվել է Սենայի ձախ ափ, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։











