Twitter-ը փորձարկում է շտապ լուրեր տարածելու գործառույթը
Twitter սոցիալական ցանցը փորձարկում է օգտատերերին անձնական նամակով շտապ լուրեր փոխանցելու գործառույթը: Լուրերը տարածում է @eventparrot հատուկ հաշիվը, գրում է vesti.ru-ն:
Լրագրողներն ի սկզբանե կասկածում էին, թե արդյոք այդ հաշիվը պաշտոնական է: Մի քանի ժամ առաջ ընկերության դիզայներ Պոլ Ստամատոուն պաշտոնապես հաստատել է, որ Event Parrot-ը սոցցանցի պաշտոնական ծրագիրն է:
@eventparrot-ին կարող են գրանցվել բոլոր նրանք, ովքեր վախենում են բաց թողնել իսկապես կարևոր նորությունները: «Թութակի» տարածած նման նորություններից է եղել Նոբելյան մրցանակի հանձնումը:
Ընդ որում՝ հաշիվը փորձելու է օգտատերերին շատ չանհանգստացնել, քանի որ ուղարկում է միայն ամենահետաքրքիր լուրերը՝ հիմնվելով յուրաքանչյուր մարդու հետաքրքրությունների վրա: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս այդ գործառույթն ինտեգրվի Twitter-ի հիմնական ծրագրում:










