Ընկե՛ր Վահան, այլևս հաշտվեք գրողի կարգավիճակին. տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հեղինակած «Մադիլիոն» գրքի շնորհանդեսը: Այն հրատարակված է ռուսերենով, և ինչպես հեղինակն է ասում, «սուր սյուժետային» գիրք է:
Ովքեր հասցրել էին ընթերցել գիրքը, այսօր կարծիքներ հայտնեցին այդ մասին: ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ տարիներ առաջ իր մտքով չէր անցնի, որ Վահան Հովհաննիսյանի մասին պետք է խոսի որպես գրողի:
«Վահան Հովհաննիսյան գրողը, որքան էլ նա խուսափում է այդ բառից, այնուամենայնիվ, ինձ ստիպեց այս գիրքը կարդալ և կարդալ երկու օրում: Գրքում առաջինը վարպետությունը, հմտությունը ինձ գրավեց, խորապես զարմացա նրա գրողի հոտառության վրա: Սա իմացության պարզ կիսում չէ ընթերցողի հետ, որովհետև ոչ միայն քեզ կարդալ է տալիս Վահան Հովհաննիսյանը գրողը, այլ նաև ունի առաքելություն»,- ասաց նա և խոսքն ուղղելով հեղինակին՝ ավելացրեց. «Ընկե՛ր Վահան, այլևս հաշտվեք ձեր գրողի կարգավիճակի հետ»:
Թե ինչու է գիրքը հրատարակվել ռուսերենով, հեղինակը մեկնաբանեց. «Մեր մեջ կան մարդիկ, որոնք ասում են՝ չէ, մեր ժողովուրդն արժանի է նրան, ինչն ունի, այդ բոլորը լեգենդ են, մենք արժանի չենք քաղաքակրթական համակարգում ինչ-որ տեղ զբաղեցնելու։ Այդ ամենը ապուշություն է, մենք արժանի ենք ու կզբաղեցնենք, բայց դա պետք է սկսել բացատրել սկզբից մերոնց, հետո նաև ուրիշներին, և դրանում է պատասխանը, թե ինչու եմ առաջին հրատարակությունն արել ռուսերեն, մենք պետք է նորից աշխարհին ցույց տանք մեր տեղը քաղաքակրթության մեջ, մենք այս խղճացվածությունից պետք է դուրս գանք նաև գրականության միջոցով, հայացք նետենք ետ և տեսնենք ինչ ենք եղել ու ինչի ենք վերածվել, հենց այս նկատառումներով էլ ես գրեցի այս գիրքը»:
Գիրքը կարդացածներից Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին էլ գիրքը գրավել է իր հետաքրքրիր «ֆորմայով»: «Գիրքը գրավեց իր հետաքրքիր ֆորմայով, այն դետեկտիվ չէ, գրքում ներկայացված է, թե ով ենք մենք այս աշխարհում, որտեղից ենք գալիս և որտեղ ենք գնում»,- ասաց նա:










