Մեկ հայի կյանքը մեզ համար անգին է. նկարահանվում է ինքնասպանությունների դեմ պայքարող «Անպետքը» ֆիլմը

14:21 • 12.10.13

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հասարակ քաղաքացիներից հավաքված գումարներով սկսել է նկարահանել «Անպետքը» ֆիլմը, որը նպատակ ունի կանխել հաճախակի դարձող ինքնասպանությունները:


«Ամեն օր կարելի է լսել, որ մեկը իրեն պատշգամբից կամ կամրջից ցած է նետել: Նման փոքրիկ հանրապետության համար սա անցանկալի երևույթ է, որը լրագրողների կողմից պարզապես լուսաբանվում է մի հատ էլ կողքին Շամշյանի լուսանկարներից է դրվում ու անցնում ենք առաջ: Եթե օրական մի հայ զինվոր սպանեն սահմանին, կխառնվենք իրար, բայց որ մեր կողքին սպանվում են մեր քույրերը, մայրերը, հարազատները, չենք հասկանում, որ մեր անտարբերության պատճառով է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսորը:


Նա ընդգծեց, որ ֆիլմը գումարներ վաստակելու կամ ճանաչում գտնելու համար չէ նկարահանվում, այլ ինքը փորձում է պայքարել արատավոր երևույթի դեմ:


«Եթե նույնիսկ մեկ մարդ դիտելով մեր ֆիլմը հետ կկանգնի իր այդ մտադրությունից, ապա մենք կհամարենք, որ մենք մեր գործը կատարել ենք, որովհետև մեկ հայի կյանքը մեր համար անգին է: Այս ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է հասարակ ժողովրդի ներդրումների շնորհիվ: Ամենաաղքատ մարդիկ իրենց գումարներից մի փոքր առանձնացրել են ֆիլմի համար: Գավառի ուսուցիչներից մեկը խնդրեց սպասել իր աշխատավարձի օրվան, հետո նստել էր մարզային տրանսպորտ, բերել ինչ-որ չափի գումար տվել, որը ինձ համար շատ ավելի թանկ է, քան ինչ-որ օլիգարխի տված գումարը»,- ասաց նա:


Ռեժիսորը անդրադառնալով ֆիլմի գաղափարին ընդգծեց, որ իրենք կինոդիտողին պետք է բացատրեն, որ չկա մարդ, որ այս աշխարհում անպետք լինի:


«Եթե Աստված տվել է քեզ այդ կյանքը նշանակում է դու անելիք ունես այս կյանքում: Ցանկացած մարդ անպետքից կարող է վերածվել հերոսի: Մենք մի քաղաքի չափ ժողովուրդ ենք, պետք է նվազեցնենք այս երևույթները»,- ընդգծեց ռեժիսորը:


Կարճամետրաժ այս ֆիլմը ռեժիսորը կկարողանա հասցնել ավարտին, երբ վաճառի իր մեքենան և ֆիլմի համար անհրաժեշտ գումարը լրացնի:

 

լուսանկարը՝ aravot.am-ի