Հայտնի են տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրների անունները

15:49 • 14.10.13

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտի դափնեկիրների անունները։

 

Մրցանակի են արժանացել ամերիկացի 3 գիտնականներ՝ Լարս Պիտեր Հանսենը, Յուջին Ֆաման և Ռոբերտ Շիլերը։ Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, նրանք հաղթել են ակտիվների գների էմպիրիկ վերլուծություն կատարելու համար։

 

Այսպիսով՝ Նոբելյան մրցանակի բոլոր ոլորտներում դափնեկիրների անունները հայտնի են։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։

 

Ավելի վաղ հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, խաղաղության դափնեկիրները։


Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող 3 գիտնական՝ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեկմանն ու Թոմաս Զյուդոֆը, ովքեր մրցանակի են արժանացել միջբջջային փոխազդեցության ոլորտում կատարած ուսումնասիրության համար։

 

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։

 

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը՝ բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար։

 

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել կանադուհի Էլիս Մունրոն։ Իսկ խաղաղության դափնեկիր է դարձել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ)։


Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։

Հայտնի են տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրների անունները