Ուրֆայի հայկական եկեղեցին ախոռի է վերածվել (լուսանկարներ)

09:42 • 14.10.13

Շանլըուրֆայի (Ուրֆա) Գերմուշ գյուղում գտնվող պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում, տեղեկացնում է Hye Tert- ը։

 

Ուրֆայի տեղական լրատվական կայքերից urfadabugun.com-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ 10 տարի առաջ հայերի կողմից եկեղեցին վերակառուցվել է, սակայն 3 տարի առաջ զբոսաշրջության համար վերաբացվելու փոխարեն այժմ խոշոր եղջերավորների համար որպես գոմ է ծառայում։

 

Պատմական եկեղեցու մուտքին Շանլըուրֆայի նահանգապետարանի կողմից տեղադրված եռալեզու ցուցանակը պատմում է շինության մասին, սակայն այն զբոսաշրջային վայր լինելուց չափազանց հեռու է։

 

Գերմուշ գյուղը հայերից է մնացել։ Լրատվական կայքի պնդմամբ՝ հողի տակ մնացած գանձերը հայտնաբերելու համար գանձ որոնողները դեռ շարունակում են գյուղում անվերջանալի անցքեր փորել։ Թե ինչպես է պատմական եկեղեցին այս վիճակին հասել, պաշտոնյաների բացատրության կարիքն ունի։