ՀՀ Անկախության 22-ամյակին եւ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում Մադրիդում

17:50 • 15.10.13

Մադրիդի Բժշկության Թագավորական Ակադեմիայի հանդիսությունների դահլիճում կայացել է ՀՀ Անկախության 22-ամյակին եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական մեծ հանդես:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից՝ միջոցառմանը մասնակցել են Իսպանիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, իսպանացի դիվանագետներ, օտարերկրյա դեսպաններ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի բացման խոսքին հետեւել է դասական երաժշտության համերգը: Միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի, Իսպանիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Մելիքյանի եւ նույն նվագախմբի մենակատար Գուստավո Դուարտեի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին կայացել է պաշտոնական ընդունելություն` հայկական ուտեստների մատուցմամբ: