Մոսկվայում երիտասարդի սպանած ադրբեջանցին հայրենիքում հետախուզման մեջ չէ. Ադրբեջանի ՆԳՆ
Օրհան Զեյնալովի նկատմամբ, ով կասկածվում է Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության համար, Ադրբեջանում հետախուզում հայտարարված չէ։
Ի պատասխան ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը։
Նրա խոսքով՝ ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ աղմկահարույց սպանության կասկածյալ համարվող Օրհան Զեյնալովը սպանություն է իրականացրել նաև Ադրբեջանում։
«Իրականում Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում չի հայտարարել Օրհան Զեյնալովի հանդեպ, և նա Ադրբեջանում դատվածություն չունի։ Ռուս իրավապահները մինչ այժմ չեն դիմել Օրհան Զեյնալովի հարցով։ Եթե հարցում արվի, իհարկե, մենք կքննարկենք այն համապատասխան կարգով»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նշենք, որ Շչերբակովի սպանությունը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել։ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հայտարարել էր, որ նա հետախուզվում է նաև Ադրբեջանում՝ դարձյալ սպանության մեղադրանքով։










