Իմ ուղերձում Պուտինին ուղղված ամեն ինչ էր, բացի ԼՂ-ն Ռուսաստանին հանձնելուց. Զորի Բալայան (տեսանյութ)
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Արտակ Ալեքսանյանի հեղինակային «Բանաձև» հաղորդաշարի հյուր, հրապարակախոս Զորի Բալայանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակին, որն այս օրերին Արցախի և հայաստանյան հասարակության և քաղաքական ուժերի կողմից ստանում է իրարամերժ գնահատականներ, այդ թվում` նրան Արցախի ազգային հերոսի կոչումից զրկելու առաջարկներով:
«Ամեն ինչ, բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղը հանձնել կամ տալ Ռուսաստանին»,-պատասխանելով Արտակ Ալեքսանյանի հարցին, թե ո՞րն էր Վլադիմիր Պուտինի նամակի գլխավոր ուղերձը, հայտարարում է Զորի Բալայանը և ավելացնում, որ իր նամակը թյուրընկալումների տեղիք է տվել:
Իսկ բաց նամակի գլխավոր նպատակը և ուղերձը բացատրելու համար վերջինս առաջարկում է պատկերացնել, որ բանակցային սեղանին վրա դրված է փաստաթուղթ, որով առաջարկվում է վերադարձնել ազատագրված հողերը:
«Որովհետև, ըստ Հելսինկյան եզրափակիչ դրույթների` մենք պետք է ընդունենք, որ դա մտնում է ԼՂՒՄ-ով, ուշադիր լսեցիք, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությամբ, այլ ԼՂԻՄ-ով՝ 4500 քառակուսի կիլոմետր, մտնում է Ադրբեջանի մեջ: Ուզում եմ ասել, որ իրենք են հնարում: Հիմա տեսեք` ինչ է ստացվում, պիտի հանձնենք ազատագրված հողերը: Էդպես ա, ուզես չուզես», -ասում է Զորի Բալայանը և շարունակում, որ ուզում է իմանալ, թե ինչպես է ստացվում, որ մենք մի պետությունից մյուսը մտնելով, լինելով Ռուսասատանի կազմում և հանկարծ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ պատմական Հայաստանի այդ հողակտորի վրա, որը մտնում էր Ռուսաստանի մեջ, ստեղծվում է նոր պետություն: Ոչ’ պարսկական, ո’չ ադրբեջանական, այլ թուրքական:
«Ո՞նց եք դուք պատկերացնում, եթե էդպես է ստացվելու… Կանխելու համար պետք է գուշակել, և էսօր նախագահը Պուտինն է»,-շարունակում է Զորի Բալայանը` ավելացնելով, որ արդեն իսկ ՌԴ նախագահների հետ կապված փորձ ունի. ո’չ Բորիս Ելցինը, ո’չ Գորբաչևը բավականաչափ տեղյակ չեն եղել նախքան Հոկտեմբերյան հեղափոխությունը իրենց երկրի պետական սահմանների մասին:
Սա Զորի Բալայանի պատասխանն էր այն հարցադրումներին, ըստ որոնց` կա հայկակական հիվանդություն` «բացատրել» «ռուսաց թագավորներին» իրենց պատմական առաքելությունը:
Շարունակելով խոսել ՌԴ նախագահների մասին` Զորի Բալայանը նկատեց, որ նրանք չեն մտածել, թե այդ ինչպես ստացվեց, որ Հայաստանը ռուսների հետ չունի սահման` իննամյա համատեղ պատերազմից ու զոհերից հետո:
Պատասխանելով կոնկրետ հարցին, թե ինչու որոշեց գրել այդ նամակը, Զորի Բալայանն ասում է, որ առիթը պատմական է` Գյուլիստանի պայմանագրի 200-ամյա հոբելյանը:
«Երբ մենք մի պետությունից` Պարսկաստանից պատերազմից հետո… իննամյա, մտել ենք մյուսը և երբ ասում եմ` «մենք» նկատի ունեմ ոչ միայն Ղարաբաղը, քանի որ ներկայումս 29 000 կիլոմետր Հայաստանը այդ ամբողջ Հարավային` Արևելյան, Արևմտյան Հայաստանը, որի մեջ մտնում էր, ես ասում եմ` մտնում է և’ Նախիջևանը, և’ ամբողջ Գարդմանքը իր Գանձակով, իր Շահումյանի շրջանով, Գյուլիստանով և այլն: Եվ էդ հարցը շատ կարևոր է: Իսկ հիմա՞ ինչու եմ պատրաստվել էդ քայլին դիմել, այդ ժանրը օգտագործել…. որովհետև անհնարին է լռել: Երեք համանախագահ Մինսկի խմբի… մենք շատ թեթև ենք մոտենում էդ հարցին, սպասում ենք ամենայն հավանականությամբ՝ ժամանակը կգա, նույն բանը կանեն, ոչ մեկը չի մտածում, թե ինչ ասել է` նույն բանը կանեն, էդ երեք հոգին: Եվ վերջնակետը իրենք դրեցին` ինչ փաստաթուղթ պետք է լինի սեղանի վրա: Գիտենք մենք, որ երեք քաղաքներ են եղել, ամենակարևորը՝ մնացել է մադրիդյան մի փաստաթուղթ: Ինչով կարող է դա վերջանա՞լ, էսօր ոչ մեկը դրա մասին չի մտածում, որ ես մտածել եմ արդեն տագնապի մասին, ահազանգի մասին: Դա պետք է բարձրացվի»:
Ի՞նչ է ակնկալում Զորի Բալայանը ՌԴ նախագահից: Պատասխանելով հեռուստամեկնաբանի հարցին, Զորի Բալայանը հիշատակեց իր նամակի տողերը, թե ինչպե՞ս է պատկերացնում Վլադիմիր Վլադմիրովիչը, Մինսկի խմբի իր գործընկերների հետ, որ մեկ վայրկյան անգամ կարելի է պատկերացնել Ղարաբաղը Թուրքիային հանձնելու մասին:
«Միթե պարզ չէ, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ անմիջապես»,-մեկնաբանելով իր այս տողերը, Զորի Բալայանը նշում է, որ ՌԴ նախագահին ուղղված իր բաց նամակով հիշեցնում է հայտնի փաստը, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմավորել Ռամիլ Սաֆարովին: Հիշեցումը նրա համար էր, որպեսզի մեկ անգամ ևս ի ցույց դնի, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ այն իրողությունների պայմաններում, երբ ադրբեջանցին կացնահարում է քնած մարդուն միայն նրա համար, որ հայ է:
Պատահական չհամարելով, որ հենց Թուրքիան է ստորագրել ինչպես Ղարսի, այնպես էլ Մոսկվայի պայմանագրերը, Զորի Բալայանը վստահաբար պնդեց, որ Ղարաբաղին իրականում հավակնում է Թուրքիան:
Այսուհանդերձ, Զորի Բալայանը կրկին պնդում է իր այն միտքը, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է, ինչի մասին ժամանակին նշել էր Վլադիմիր Պուտինի մենթոր Սոբչակը:
Անդրադառնալով իր հասցեն հնչող մեղադրանքներին, Զորի Բալայանը նկատում է` թե որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչ փոխզիջումների մասին է խոսքը և արդյոք դրանց մեջ մտնու՞մ է Նախիջևանը:
«Եթե դուք ասեք, որ այնտեղ հայ չկա, Ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև 2000 տարի Հրեաստանում հրեա չի եղել, բայց ամեն տարի, երբ տոնակատարություն է լինում, ասում են` «գալ տարին կհանդիպենք Երուսաղեմում»: Ամեն տարի»,-ասում է Զորի Բալայանը:
Այս զուգահեռը նա տանում է Նախիջևանի հետ և ասում, որ սուսուփուս մնալը հանգեցրեց Նախիջևանի խաչքարերի զանգվածային ոչնչացմանը: Հրապարակախոսն ընդգծում է, որ այդ նամակով ինքն առաջարկում է ադրբեջանական կողմի փոխզիջումների մեջ մտցնել Նախիջևանը, Գարդմանքը, Գյուլստանը, «մարշալների գյուղը»:
Անդրադառնալով ազատագրված տարածքների վերադարձին, Զորի Բալայանը նկատեց, որ այդ պայմաններում Ղարաբաղը չի դիմանա, քանի որ սահմանի վրա ապրելը շատ բարդ է` անասնագողությունից սկսված:
«Եթե Հարավային Կովկասը դառնում է թուրքական, այդ ամբողջ հիվանդությունը մտնում է Հյուսիսային Կովկաս, և «սահմանը անցնելու է Ռյազանի մոտով»,-ասում է նա:
Ի պատասխան հարցի, թե ինչու նամակը չի գրել Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներին` Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, Զորի Բալայանը նկատում է, որ այդ երկու երկրները ոչ մի կապ չունեն՝ «այստեղ պատմական խնդիր է»:










