Լ. Բարսեղյանը չի հասկանում՝ինչո՞ւ են մշակութային արժեքները Գյումրուց տարվում Երևան, իսկ Երևանից բերում Մշակույթի նախարարությունը

20:05 • 15.10.13

Tert.am-ի հետ հարցազրույցում Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադառնում է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուն, «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքին:


-Պարոն Բարսեղյան, հոկտեմբերի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ կան հստակ ծրագրեր՝ Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին: Առհասարակ, ամբողջ աշխարհում այս ձևը ընդունված է, օրինակ՝ Վրաստանում Սահմանադրական դատարանը գործում է Աջարիայում: Այս մտահղացման մեջ որևէ օգտակար բան տեսնու՞մ եք քաղաքի համար:


-Ընդհանրապես, ապակենտրոնացման գաղափարը շատ օգտակար եմ համարում, բայց Հայաստանի կառավարության խոստումների մեծ մասը լուրջ ընդունել չեմ կարող: Բազմաթիվ հիմքեր ունեմ դրա համար, և բարոյական իմաստով էլ, երբ կառավարության որոշումներով Հայաստանում մշակութային թալան է տեղի ունենում՝ մշակութային արժեքները հավաքվում-տարվում են Երևան, Երևանից մեզ ոչ թե վերադարձնում են մեր մշակութային արժեքները, այլ Մշակույթի նախարարություն են ուզում բերել, ես չեմ հասկանում: Դիսոնանս է կամ ինչ-որ լուրջ ներքին հակասություն է Հայաստանի կառավարության, վարչապետի միջև: Եթե վարչապետը ասեր, որ Հասմիկ Պողոսյանի հետ ետ կուղարկի Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի քաղաք և տարբեր մարզերից տարված խաչքարերը, որ հավաքվել են Երևանում, ես կսկսեի հասկանալ, կմտածեի, որ լավ է: Հիմա, էս դեպքում՝ չգիտեմ: Ինչ-որ հավելյալ ծախսեր են գոյանալու Հայաստանի բյուջեի վրա, ճանապարհն է ծանրաբեռնվելու՝ Երևան-Գյումրի մայրուղին, Գյումրի քաղաքում երևի որոշ տներ թանկանալու են… Մի խոսքով, լավ թանկ հաճույք է լինելու Մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի: Այնպես որ, արդյունավետ ծրագիր չեմ համարում:


-Բա ո՞ր նախարարությունը կուզենայիք, որ տեղափոխվեր Գյումրի:


-Չկա նման բան (ծիծաղում է ), որ ինչ-որ նախարարության տեղափոխումը ստրատեգիական առումով կարևոր լիներ: Ինչ է՝ Ազգային անվտանգության ծառայությունն էլ պետք է տարվի Գորի՞ս: Եթե Սահմանադրական դատարանը լիներ Գյումրիում, ես կհասկանայի, բայց եթե տասնյակ նախարություններից մեկը տանում ես մի տեղ, մյուսը՝ մեկ այլ տեղ, սա ուղղակի բարդացնելու է կառավարության գործունեությունը տեխնիկական իմաստով: Էդ գաղափարը, որի մասին հայտարարել են, ի դեպ, նոր չեն ասում, լուրջ ուսումնասիրման կարիք ունի, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նման տեղաշարժը: Կառավարության նիստերին մասնակցելու համար Հասմիկ Պողոսյանը պետք է անպայման գնա-գա, ստե՞ղ է ապրելու, թե ամեն օր գնա-գա, հետն էլ մի քանի վարչությունների պետեր և այլն: Չեմ կարծում, թե որևէ նախարարության տեղափոխման դեպքում նախարարության մի շարք պաշտոնյաներ համաձայնեն գնալ-գալ: Եթե իրենց հարցնեք՝ երևի թե սրտներին խփես, արյուն չի գա: Էդ մեծ դարդ է իրենց համար, թե Գյումրիի պես տեղը բա մեզ պե՞տք է: Վրաստանի դեպքում ավելի հասկանալի է, ասենք՝ պառլամենտը Քութաիսիում է, Սահմանադրական դատարանը՝ Բաթումում:

 

-Պարոն Բարսեղյան, հունիսի 30-ից մեկնարկում է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Ի՞նչ տվեց այն:
 


-Որոշակի բան տվեց, որոշակի միջոցառումներ եղան, բայց ծրագիրն ամբողջությամբ չի իրականացվել և ահագին տեղերում ձախողված է, որովհետև 49 միջոցառումից հազիվ կեսն է իրականացվել՝ մեր մոտավոր ուսումնասիրություններով, ճիշտ կլինի՝ թիվ չասեմ հիմա: Եվ նոյեմբերի կեսերին այդ ծրագիրը ավարտվում է, ու չեմ կարծում, որ այդ մեկ ամսվա ընթացքում կհասցնեն ծրագրի մյուս բաղադրիչներն անել: Կառավարությունը 192 միլիոն դրամ էր հաստատել ամբողջ այդ ծրագրի համար, իսկ մյուս բաղադրիչները ֆինանսավորման իմաստով անտեր էին:
Երևանի օրվա տոնակատարության միջոցառման համար 200 միլիոն հատկացվում, համեմատե՛ք ինքներդ. ութ ամսվա համար 192 միլիոն դրամ Գյումրիին, 200 միլիոն դրամ՝ Երևանին՝ մեկ օրվա համար: Նախանձ չենք, սրտներս լեն է, բայց իշխանության հատուկ ուշադրությունը էս ընթացքում չտեսանք:

 

-Ասում եք ՝ ծրագրերի մի մասը չիրականացավ, պատճառը ֆինանսավորո՞ւմն է:

 

-Տարբեր պատճառներով, այդ թվում՝ փողի, որովհետև ինչ է անունը՝ Հումանիտար հիմնադրամ է, ինչ է, ասում է՝ չունի ինքը գումարներ, չի կարող հատկացնել: Օրինակ՝ ԱՊՀ ինտելեկտուալ փառատոնը չի իրականացվել ու կարծում եմ՝ չի իրականացվելու, որովհետև ասում են՝ «փող չկա, կամավորության սկզբունքով արե՛ք»: Եթե ԱՊՀ-ից մարդիկ գալու են փառատոնի, կամավորության սկզբունքով, ո՞նց են ինքնաթիռի տոմս առնում…


Այնպես որ, ծրագրի ավարտից հետո մենք կհրապարակենք էն ծրագրերի ցուցակը, որ չեն իրականացվի: