Ընդդեմ գենդերային այլասերման երթերը պարբերական կլինեն. «Նախնյաց հետքերով» ՀԿ
«Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, իրենք գենդերային այլասերման դեմ երթ կանցկացնեն, որի հիմնական պահանջն է չեղյալ համարել «Գենդերային հավասարության մասին» ՀՀ օրենքը: Նա հայտարարեց, որ նման երթերը պարբերական կլինեն:
«Սա զուտ սոցիալական պայքար է՝ հանուն բարոյականության: Համասեռամոլների ամուսնությունն օրինականացնելուց հետո հաջորդը կանանց դեմ բռնության մասին օրենքն է, իսկ նման օրենքների տակ այլ բան է թաքնված»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հետևողական են լինելու այդ խնդրին:
Երթը կմեկնարկի վաղը՝ ժամը 11-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից և կշարունակվի մինչև կառավարության շենքի մոտ: Բանախոսի փոխանցմամբ՝ իրենք նաև պահանջելու ենք աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի և նույն նախարարության աշխատակից Լալա Ղազարյանի հրաժարականները, պատճառի մասին, սակայն, բանախոսը չմանրամասնեց։
Ասուլիսին ներկա «Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանն էլ ասաց, որ իրենք վաղը միանալու են երթին, քանի որ այդ հարցում իրենց դիրքորոշումը հստակ է:
«Այն, ինչ պատրաստվում են մեզ մատուցել, դա մեր հոգու այլասերումն է, և մենք պատրաստ ենք մեր ձեռքերով մաքրել այս աղբը, եթե հանկարծ մեր ոստիկանները չանեն: Մենք ունենք հնարավորություն այս ամեն ինչից ձերբազատվելու, դրա համար ամեն մարդ պետք է իրեն քաղաքացի զգա»,- ասաց նա:










