Հայաստանում բացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը
ՀՀ-ում նախկինում գործող Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որը 2001թ-ին նվիրաբերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այսօր վերաբացվեց որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ինչպես նաև շվեյցարահայ բարերարներ, տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները:
Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կենտրոնն ունի 139 մահճակալ և կազմված է 9 հիմնական բաժանմունքից, ինչպես նաև Սուրբ Ներսես Մեծ գիտակրթական կենտրոնից:
«Կենտրոնը հագեցած է բարձր ինովացիոն տեխնոլոգիաներով, սակայն գնային քաղաքականությունը չի տարբերվելու բժշկական մյուս կենտրոնների գներից: Հաշվի առնելով որ Մայր Աթոռի կառույց է՝ ամիսը մեկ անգամ արտագնա գործունեություն ենք իրականացնելու դեպի հեռավոր մարզեր, սահմանամերձ գյուղեր ու բարձրլեռնային բնակավայրեր»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Կենտրոնի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ շաբաթական մեկ անգամ հայտարարվելու է արտահիվանդանոցային բաց դռների օր, ինչպես նաև սոցիալապես անապահով խավի համար գործելու են մատչելի սակագներ:
Նշենք, որ կենտրոնն ունի շուրջ 200 աշխատակից՝ 43 բժիշկ, 65 բուժքույր, 8 լաբորանտ և ադմինիստրատիվ աշխատողներ:
Բացմանը Վեհափառ Հայրապետն իր հայրապետական օրհնանքը տվեց բժշկական կենտրոնին և շնորհակալություն հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամին բժշկական կենտրոնը վերանորոգելու ու այն նոր տեխնիկայով ապահովելու համար:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս կարևոր միջոցառմանը մասնակից է ՀՀ նախագահը: Նա իր զորակցությունն է մշտապես հայտնում բարեգործական ծրագրերի իրականացմանը: Այս կենտրոնը շարունակելու է մատուցել բարձր որակ ու մատչելիություն առողջապահության ոլորտում: Քրիստոս հատուկ ուշադրություն է դարձրել հիվանդների բժշկությանը: Մեր սուրբ հայրերը հոգու փրկության հետ կարևորել են ֆիզիկական առողջությունը, իսկ Քրիստոս ասում է՝ հոգին առավել է, քան կերակուրը և հագուստը: Այստեղ Քրիստոս մարմնին է անդրադառնում, այսինքն՝ մենք պետք է հոգանք նաև մարմնի մասին , քանզի մարդը միայն հոգի չէ կամ միայն մարմին»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վստահեցրեց, որ կենտրոնն առողջապահության ոլորտում կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:










