Հյու Ջեքմանն իր ծննդյան օրը 1.85 մլն դոլար է հավաքել (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը հոկտեմբերի 12-ին իր ծննդյան 45-ամյակը նշել է Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, որտեղ յուրաքանչյուր տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։ «One night only» անվանումով համերգը հատուկ ձևաչափով է կայացել. բոլոր 4.500 հյուրերը բարեգործության համար գումար են ներդրել, հայտնում է filmpro.ru-ն։
Ամբողջ գումարը՝ 1.85 մլն դոլար, տրվել է կինո- և հեռուստատեսային ոլորտի աշխատակիցներին աջակցող բարեգործական հիմնադրամին (Motion Picture & Television Fund)։
«Այս հիմնադրամը մարդկանց օգնության ձեռք է մեկնում։ Այս ոլորտի աշխատակիցներին այն բժշկական և այլ կարևոր ծառայություններ է մատուցում»,- ասել է Ջեքմանը։
Երեկոյի ընթացքում Ջեքմանը 17 մարդուց բաղկացած նվագախմբի ուղեկցությամբ երգել է, պարել և պատմել իր ընտանիքի մասին։ Նա նաև համարներ է կատարել դասական հոլիվուդյան մյուզիքլներից։
Երեկոյի ընթացքում Հյու Ջեքմանն աճուրդում վաճառել է «Իքս մարդիկ» ֆիլմի պրեմիերայի բացառիկ տոմսեր, որը կկայանա 2014-ին։
Երեկոյի վերջում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Fiat ապրանքանիշի ավտոմեքենա, Ռոսոմախ հերոսի եղունգների հավաքածու, ինչպես նաև երկու վերնաշապիկ, որոնք դերասանը կրել է երեկոյի ընթացքում և որոնք վաճառվել են 11 հազ. դոլարով։


















