«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության քայլերի մասին Ալեքսանյանի «զորքին» տեղեկացնողը ոստիկանությունն է. Վ. Հակոբյան
Ոստիկանությունն «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներից պարզելով բողոքի ակցիայի իրականացման տեղն ու ժամը՝ դրա մասին տեղեկացնում է նաև Սամվել Ալեքսանյանի «զորքին», այս եզրակացությանն են եկել «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնության անդամները, երբ այսօր հերթական ակցիայի մասին իրազեկել են ոստիկանության աշխատակիցներին, սակայն հետո անակնկալի են եկել՝ տեսնելով Կոմիտասում գործող «Երևան Սիթիի» մոտ Ալեքսանյանի «կանանց բանակը»:
«Մաշտոցի պուրակում հավաքվեցինք և որոշեցինք այս անգամ չիջնել «Ծածկած շուկա», այլ գնալ Կոմիտասի «Երևան Սիթի», այնտեղ իրականցնել մեր բողոքի ակցիան և այդ մասին որպես հարգանք տեղեկացրինք ոստիկաններին, որ այդ մարդիկ արհամարհված իրենց չզգան, քանի որ մշտապես ուղեկցում են մեզ։ Մենք մինչև կհասնենք Կոմիտասի «Երևան Սիթի», այնտեղ ոչ միայն ոստիկաններին տեսանք, այլ Լֆիկի ամբողջ զորքն այնտեղ էր։ Փաստորեն ոստիկանությունն էր նրանց տեղյակ պահել։ Մոտավոր այնքան մարդ կար, որքան Ծածկած շուկայի առաջ են մշտապես հավաքում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնության անդամ, Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը։
Այնուհետև ըստ Վարդան Հակոբյանի, երբ Կոմիտասում իրենց պիկետը ավարտված են համարել և որոշել են բողոքի ակցիան շարունակել Փակ շուկայի մոտ՝ նկատել են, որ «Սամվել Ալեքսանյանի հրոսակախմբի քաջերը» հարձակվել են Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի ավտոմեքենայի վրա և պատռել անիվները։
«Տեսանք Կարո Եղնուկյանի մեքենայի 4 անիվներն էլ պատռված են. այն կայանած էր անմիջապես սուպերմարկերտի հարևանությամբ, բայց ոչ թե «Սիթիի», այլ Քոչարից դեպի Կոմիտաս տանող Տիգրանյան փողոցի վրա»,-ասաց նա և ավելացրեց, որ տարածքում երկու մեծ սուպերմարկետեր կան, և որոնց շրջակայքը տեսախցիկները նկարահանում էին։
«Տեսախցիկները նկարել են, և ոստիկանությունն արդեն չի կարող ասել, թե կամերաններ չկան կամ նկարահանում չէր գնում։ Այնտեղ բավական մարդիկ էլ կային և տեսնում էին, թե ինչպես են պատռել։ Այնպես որ բոլոր ապացույցները կան 5 րոպեում գտնելու համար, թե ովքեր են անել, եթե չգտնեն, նշանակում է՝ էլի ոստիկանությունից չեն ցանկանում բացահայտել»,-եզրափակեց նա։










