Սիլվեստեր Ստալոնեի երկրպագուները նրա հետ լուսանկարվելու համար 445 դոլար են վճարել
Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի երկրպագուները 445 դոլար են վճարել Նյու Յորքում կայացած ցուցադրության ժամանակ աստղի հետ լուսանկարվելու համար, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TMZ պորտալը։
Ստալոնեի հետ հանդիպումն ու ֆոտոսեսիան կայացել է New York Comic Con ամենամյա տոնավաճառ-ցուցադրության ժամանակ, որը նվիրված է կոմիքսներին և դրանց հետ կապված արտադրանքին։
Ստալոնեի ինքնագրով պաստառի գինը կազմել է 395 դոլար, լուսանկարը՝ 445 դոլար։ Չնայած բավականին բարձր արժեքին՝ Ստալոնեի հետ լուսանկարվել ցանկացողների հերթ է գոյացել։
Դերասանը միակը չէ, ով երկրպագուների հետ հանդիպման ընթացքում գումար է վերցրել։ Օրինակ՝ դերասանուհի Սիգուրնի Ուիվերի հետ լուսանկարվելն արժեցել է 200 դոլար, հայտնի գրող Սթեն Լիի հետ լուսանկարը՝ 400 դոլար։










