Հայաստանի նախագահը կմեկնի Վիլնյուս՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու

16:14 • 15.10.13

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մասնակցել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին։

 

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասը, որը նոր է վերադարձել Հայաստան կատարած այցելությունից։

 

Փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանն ապագայում էլ նախատեսում է ակտիվորեն մասնակցել «Արևելյան գործընկերության» ծրագրին, չնայած որ Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միություն ձևավորելուն մասնակցելու մասին։

 

Մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը ,Հայաստանը մտադիր է ամրապնդել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի և դրա անդամների հետ։