Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատելու միջնորդությունը. Նա ևս մեկ ամիս կալանքի տակ կմնա (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանը հաստատեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով նրան կալանքից ազատելու միջնորդությունը։ Այսինքն՝ Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ ամիս կալանքի տակ կմնա: Այս մասին դատարանի դիմաց հավաքված ազատամարտիկներին և լրագրողներին տեղեկցացրեց նրա փաստաբան Արա Զաքարյանը:
«Դատարանը ոչ մի հիմնավորում չբերեց, հրապարակեց օրենքի այն մասը, որը ներկայացրել է Առաջին ատյանի դատարանը»,-ասաց նա՝ հավելելով, որ երեք օրվա ընթացքում որոշումը կտրամադրվի իրենց, և արդեն պարզ կլինի մերժման պատճառը:
Հարցին, թե՝ ինչու դատարանը նման որոշում կայացրեց և արդյո՞ք դա քաղաքական նպատակներ է հետապնդում, փաստաբանը պատասխանեց. «Այս պայմաներում, ըստ ձեզ, ուրիշ նպատակ կարո՞ղ է հետապնդել իշխանությունը, տվյալ դեպքում՝ ի դեմս դատարանների: Եթե նույնիսկ՝ համաներումը տարածվում է տվյալ հոդվածի վրա, և եթե վատագույն դեպքում՝ մեղադրական դատավճիռ կայացվեր, ինչի հավանականությունը զրո է, դատարանը պարտավոր էր լինելու համաներման կիրառմամբ ազատել նրան
Ինչպես դատական նիստի նախորդ երկու օրերին, այսօր էլ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ցույց անցկացրեցին Վերաքննիչ դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի: Նրանք այսօր էլ իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնեցին կայացված որոշման վերաբերյալ՝ միաձայն պնդելով, որ դատարանը հերթական անարդար վճիռը կայացրեց:










