Տոկիոյում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել
Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը՝ խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին:
Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:
Համերգն ունկնդրելու են եկել Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ:










