Այսօր «Շեֆերի» օրն է
State Farm Insurance Company ընկերությունում գործակատար աշխատող Պատրիցիա Հարոսկին 1958-ին առաջարկել է նոր տոն՝ Ղեկավարների օրը (National Boss Day), գրում է calend.ru-ն։
1962-ին այդ տոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ Իլինոյս նահանգի նահանգապետ Օտտո Քարների կողմից։ Ի սկզբանե գաղափարն այն էր, որ աշխատակիցները շնորհավորեն իրենց ղեկավարին և շնորհակալություն հայտնեն, որ նա բարի և ազնիվ է եղել տարվա ընթացքում։
«Շեֆի» օրը նշելու ավանդույթին սկսել են աջակցել բազմաթիվ երկրներ, տոնն ամբողջ աշխարհում տարածվել է մտքի արագությամբ։ Այսօր տոնը նշվում է Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում։
Այս օրը հարկ է հիշել, որ ղեկավար լինելը մասնագիտություն է։ Դա աշխատանք է առանց հանգստի, պատասխանատվություն յուրաքանչյուր քայլի համար, յուրաքանչյուր բառի համար, իրեն ենթակա մարդկանց բարեկեցության համար։ Պետք է հիշել, որ «շեֆը», նախևառաջ, մարդ է։ Սակայն պարզապես հիշելը բավական չէ։ Տոնը նաև առիթ է նրան նվեր մատուցելու, հարգանք արտահայտելու համար։










