Ինչպես են կատուները տեսնում աշխարհը՝ համեմատած մարդկանց հետ (լուսանկարներ)

20:38 • 16.10.13

Լուսանկարիչ Նիկոլայ Լամը, խորհրդակցելով երեք փորձագետների հետ, գիտական վարկած է ներկայացրել, թե ինչպես են կատուները տեսնում աշխարհը` ի տարբերություն մարդկանց, գրում է Business Insider-ը:


Մարդկանց և կատուների տեսողության միջև հիմնական տարբերությունը պայմանավորված է աչքի ցանցաթաղանթում առկա բջիջների՝ ֆոտոընկալիչների երկու տարբեր տեսակներով: Ֆոտոընկալիչները լուսային ճառագայթները փոխարկում են էլեկտրական ազդանշանների, որոնք նյարդային բջիջների միջոցով փոխանցվում են ուղեղին՝ թույլ տալով տեսնել տարբեր պատկերներ:


Ֆոտոընկալիչների մի տեսակը նպաստում է գիշերային տեսողության զարգացմանը, իսկ մյուս տեսակը պատասխանատու է ցերեկային տեսողության և գույներն ընկալելու համար:


Կատուների (ինչպես և շների) մոտ առկա է առաջին տիպի բջիջների բարձր կոնցենտրացիա, իսկ մարդկանց մոտ՝ երկրորդ տիպի, ինչի շնորհիվ մարդիկ չեն կարող լավ տեսնել գիշերը, սակայն լավ են տարբերակում գույները:


Ստորև ներկայացված լուսանկարներում մարդու տեսողությունը ցուցադրվում է վերին, իսկ կատուներինը՝ ստորին մասերում:


Կատուների տեսողական դաշտն ավելի լայն է, քան մարդկանց մոտ:


Մարդկանց տեսողությունն ավելի սուր է, քան կատուների. մարդիկ կարող են 30-60 մետր հեռավորության վրա տեսնել այն, ինչ կատուները տեսնում են ընդամենը 6-7 մետր հեռավորությունից:

 

 

Կատուները նույնպես ընկալում են գույները, սակայն չեն կարողանում տարբերակել բոլոր երանգները: Նրանք կարող են տեսնել կապույտի և կանաչի տարբեր երանգներ, բայց կարող են չտարբերակել կարմիր և վարդագույն գույները:

 

 

Կատուները «կարճատես» են համարվում. նրանք հստակ չեն ընկալում պատկերները:

 

 

Կատուների մոտ լավ է զարգացած գիշերային տեսողությունը, ինչի շնորհիվ նրանք բավականին պարզորոշ տեսնում են մթության մեջ:

 


 

Ինչպես են կատուները տեսնում աշխարհը՝ համեմատած մարդկանց հետ (լուսանկարներ)