Հիլարի Քլինթոնին տուգանել են Լոնդոնում սխալ կայանած մեքենայի համար

09:17 • 16.10.13

Լոնդոնի ոստիկանները տուգանել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին սխալ կայանած մեքենայի համար, գրում է vesti.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մոտ: Քլինթոնն այցելել էր այնտեղ որպես ինստիտուտի կողմից շնորհվող հեղինակավոր մրցանակի դափնեկիր:

 

Կայանատեղիներն այդտեղ վճարովի են, իսկ նախկին պետքարտուղարի «Մերսեդեսը» շենքի մոտ կանգնած է մնացել մոտ 45 րոպե: Մեքենային է մոտեցել տեսուչը և, չնայած Քլինթոնի թիկնապահների հորդորներին, 80 ֆունտ ստեռլինգի տուգանք է նշանակել:

 

Ականատեսի՝ բրիտանական թերթերից մեկի լուսանկարչի խոսքով՝ Քլինթոնի թիկնապահը ջղայնացած թափ է տվել իր ձեռքերը և ցույց տվել իր վկայականը: Սակայն ոստիկանն անդրդվելի է մնացել և տուգանքի թուղթը դրել Քլինթոնի մեքենայի ապակու վրա: